ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԿԱԶՄ
| |
 |
|
ՌՈՒԲԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Զգեստների նկարիչ
|
Ռուբինե Հովհաննիսյանը ծնվել է Երևանում 1957թ:
1979թ-ին ավարտել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտը: 1982թ-ին նա կատարել է իր առաջին մասնագիտական աշխատանքը և հաջողությամբ ավարտին է հասցրել ‹‹Անուշ›› ֆիլմ-օպերայի զգեստների ձևավորումը և ապա, 1991թ.-ին աշխատել է նաև ‹‹Ձայն բարբարո›› ֆիլմի վրա:
1986 – 1988թթ.-ին վերապատրաստվել է Մոսկվայում, Պետական Ակադեմիական Մեծ թատրոնում` որպես բեմանկարիչ:
1988թ.-ին դարձել է Հայաստանի նկարիչների միության Յունեսկոյի ‹‹Արվեստի միջազգային ասոցացիայի›› անդամ:
Հայաստանի պարարվեստի ‹‹Բարեկամություն›› անսամբլի ստեղծման օրվանից մինչ այսoր, Ռուբինե Հովհաննիսյանը աշխատում է ‹‹Բարեկամություն›› անսամբլում և ստեղծագործում գեղարվեստական ղեկավար` Նորայր Մեհրաբյանի կողքին:
Նրա աշխատանքները տարբերվում են իրենց բացառիկ շքեղությամբ: ‹‹Բարեկամություն›› անսամբլի համար կատարած իր բոլոր աշխատանքները ինքնատիպ են, նրանցից կարելի է հատուկ ընդգծել ‹‹Աշխարհումս››, ‹‹Ուզունդարա››, ‹‹Վարդագույն աղջիկներ››, ‹‹Ծիրանի ծառ›› պարերի և ‹‹Լոռեցի Սաքոն›› մեկ ակտանի խորեոգրաֆիկ ներկայացման զգեստները:
1988-ից Ռուբինե Հովհաննիսյանը սկսեց կատարել մի շարք թատերական ներկայացումների բեմի և զգեստների ձևավորում, դրանցից են.
Մինկուսի ‹‹Դոն Քիշոտ››, Ա.Խաչատրյանի ‹‹Գայանե››, Բիզեյի ‹‹Կարմեն-Սյուիտ›› բալետը, Պիացոլայի ‹‹Տանգո›› և Էդգար Հովհաննիսյանի ‹‹Վարդանանք›› բալետային ներկայացումները` օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
ՓՈՐՁԱՎԱՐՆԵՐ
| |
 |
|
ՀՐԱՉՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
Գեղարվեստական ղեկավարի
օգնական
|
Ծնվել է 1966 թ Մարտի 26-ին Երևանում:
1973-ից 1983թ պարել է Երևանի «Կանազ» պարային անսամբլում:
1984թ-ին աշխատանքի է անցել ‹‹Հայաստանի պարի պետական անսամբլում››` որպես պարող:
1987թ-ին ‹‹Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլի›› հիմնադրման օրվանից աշխատում է անսամբլում` որպես բարձր կարգի պարող-մենակատար, փորձավար, այժմ արդեն գեղարվեստական ղեկավարի օգնական:
1994 – 2003թթ. աշխատել է «Բարեկամություն» պետական անսամբլում` որպես ժողովրդական պարերի դասատու:
1995-ից ‹‹Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլի›› փորձավարն է:
1995 – 1999թթ. աշխատանքին զուգահեռ, սովորել և ավարտել է Երևանի Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի «Երաժշտական թատրոնի դերասան» բաժինը:
1997թ. ‹‹Երևանի Համազգային պետական թատրոնում›› բեմադրել է «Մեր մանկության պոեմը» ներկայացման պարերը:
1997թ. մենակատար և խորեոգրաֆի ասիստենտն է եղել «Ավե Մարիա» երաժշտական միստերիայում:
1998թ. Աշխատել է Լոս Անջելեսի Համազգայինի «Անի» պարախմբում` որպես մենակատար-փորձավար: Մենապարել է Լ . Ճգնավորյանի «Կենտավրոսի մահը››, Գ. Հախինյանի «Չարքերի ձորում» խորեոգրաֆիկ պատկերներում:
2001թ-ին հանդես է եկել առաջին հայկական «Գրիգոր Լուսովորիչ» ռոք օպերայում` Տրդատ երրորդի գլխավոր դերակատարմամբ:
2002թ-ին «Լիլիթ» փոփ օպերայում` Ադամի գլխավոր դերակատարմամբ: Հրաչյա Բադալյանը կատարել է անսամբլի պարացանկի մի շարք ցայտուն և հիշարժան մենակատարումներ, որոնցից են. ‹‹Հրեական հարսանիք››, ‹‹Գնչուական›› զուգապարը, ‹‹Հնդկական սյուիտ›› և այլն:
2003 – 2007-թթ. աշխատել է Ավստրալիայի Սիդնեյի պարախմբերում` որպես բեմադրող- փորձավար:
2007-ից ‹‹Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլի›› գեղարվեստական ղեկավարի օգնականն է:
2009թ-ին - Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, Յուրի Գրիգորովիչի բեմադրությամբ «Սպարտակ» բալետում` եղել է բալետմայստերի ասիստենտ:
| |
 |
|
ԿԱՐԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ
Փորձավար
|
Ծնվել է 1947թ Երևանում:
1960 – 1965թթ. սովորել և ավարտել է Պարարվեստի ուսումնարանի հայկական պարի բաժինը: 1965 – 1987 հանդես է եկել ‹‹Հայաստանի պարի պետական անսամբլում››` որպես մենապարուհի:
1984թ-ին արժանացել է ‹‹Հայաստանի վաստակավոր արտիստի›› կոչման: 1987թ-ին հրավիրվել է ‹‹Հայաստանի պարարվեստի ‹‹Բարեկամություն ‹‹ համույթ››` որպես պարուհի, իսկ 1997թ-ից` որպես փորձավար:
2003թ-ին Պարսկաստանից հրավիրվել է` որպես հայկական պարի մասնագետ, դասավանդելու հայ համայնքի երեխաներին:
Ամուսնացած է, ունի մեկ որդի:
| |
 |
|
ԱՆԱՀԻՏ ԲԱԴԱԼՅԱՆ
Փորձավար
|
Ծնվել է 1968թ-ի հունիսի 26-ին:
1977թ-ին ընդունվել է Երևանի պարարվեստի ուսումնարանի դասական պարի բաժինը: Ուսումը ավարտելուց անմիջապես հետո` 1986թ.-ին, աշխատանքի է ընդունվել ‹‹Հայաստանի պարի պետական անսամբլ››` որպես պարուհի: Մեկ տարի աշխատելուց հետո տեղափոխվել է Հայաստանի պարարվեստի ‹‹Բարեկամություն›› պետական անսամբլ, որտեղ և աշխատում է առ այսօր:
Իր հիմնական աշխատանքից բացի, 1995թ-ից մինչև 2003թ-ը, Անահիտը համատեղությամբ աշխատել է ‹‹Բարեկամություն›› պետական անսամբլի ստուդիայում` որպես դասական պարի դասատու և անսամբլի կազմը համալրող երիտասարդ պարողների նոր սերունդ է ուսուցանել:
Դրան զուգահեռ, 1995թ-ից մինչև 1999թ, աշխատել է Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում` որպես պարարվեստի դասախոս: 2003թ-ից ի վեր Անահիտը ‹‹Բարեկամություն›› անսամբլում աշխատում է նաև որպես դասական պարի դասատու և փոձավար:
Իր աշխատանքի ընթացքում Անահիտը կատարել է անսամբլի պարացանկի մի շարք ցայտուն և հիշարժան մենակատարումներ, որոնցից են ‹‹Սիրեցի յարս տարան›› մենապարը, ‹‹Գնչուական զուգապար››, ‹‹Առլեկինադա›› և ‹‹Նոկտյուրն›› զուգապարերը:
| |
 |
|
ՀԱԿՈԲ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Փորձավար
|
1974թ-ին ընդունվել է Երևանի պարարվեստի ուսումնարանի դասական բաժինը, որը ավարտել է 1983թ-ին` բալետի դերասան մասնագիտությամբ: Նույն թվականին ընդունվել է աշխատանքի Ռադիոյի և հեռուստատեսության բալետային խմբում` որպես պարող:
1987թ-ին Հայաստանի պարարվեստի ‹‹Բարեկամություն›› պետական անսամբլի ստեղծման առաջին օրերից սկսել է աշխատել անսամբլում` որպես պարող-մենակատար: Անսամբլում աշխատելու տարիներին Հակոբ Մարգարյանի մենակատարումներից հատկապես հիշարժան են` ‹‹Առլեկինադան››, ‹‹Լոռեցի Սաքոն››, ‹‹Բախչիսարայի շատրվան››, ‹‹Սուսերով պարը››, ‹‹Կելուշարին››, ‹‹Ռուսական հավաքույթը››, ‹‹Խաղ պարը›› և ‹‹Հրեական հարսանիքը››: Իր մասնակցությունն է ունեցել նաև այնպիսի պարերում, ինչպիսիք են ‹‹Լեռնցիները››, ‹‹Լեզգինկան››, ‹‹Բարեկամության›› ‹‹Դափնեն››, ‹‹Շալախոն››, ‹‹Հոպակը››, ‹‹Տարանտելլան››, ‹‹Վալսը››:
1995թ-ից աշխատել է նաև որպես փորձավար: